Главная » 2012»Май»14 » Վիկ Դարչինյանը դարձավ 36 տարեկան նա ծնվել է վիշապի տարում
23:16
Վիկ Դարչինյանը դարձավ 36 տարեկան նա ծնվել է վիշապի տարում
Աշխարհահռչակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը դարձավ 36 տարեկան:Վիկը ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին, Վանաձոր քաղաքում: Վախթանգը բռնցքամարտով զբաղվել է 8 տարեկանից: Նրա առաջին և միակ մարզիչը Վազգեն Բադալյանն է, ում գլխավորությամբ հաղթել է Հայաստանի մինչև 12, 13, 14, 15 և 16 տարեկանների առաջնություններում: 1993-ին Դարչինյանն առաջին անգամ հանդես է եկել աշխարհի առաջնությունում և գրավել 5-րդ տեղը: 1994 թվականին Դարչինյանը մեկնում է Ռուսաստան և այդ երկրի դրոշի ներքո մասնակցում է 10-ից ավելի մրցաշարերի: 96-97թթ. Վիկը ներկայացնում է Ուկրաինան և մասնակցում 8 մրցաշարի: 1997-ին կրկին վերադառնում է Հայաստան և 1998 թվականին Հայաստանի դրոշի ներքո հաղթում է Եվրոպայի գավաթն ու նվաճում աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: 1999-ին նա կրկին ուժեղագույնն է ճանաչվում Եվրոպայում: Նույն տարում ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ նա գրավում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամերիկացի պրոմոութերների ուշադրությունը, սակայն Վախթանգը հրաժարվում է պայմանագիր կնքել նրանց հետ. նա երազում էր 2000-ի օլիմպիական խաղերում ներկայացնել Հայաստանը: Վիկն իրականացրեց երազանքն ու Սիդնեյի օլիմպիական խաղերում հասավ մինչև քառորդ եզրափակիչ: Վախթանգը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան սկսել է Ավստրալիայում 2000 թվականին: Սիդնեյում նա տպավորել էր Ջեֆ Ֆենեչին, ում առաջարկով էլ տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ: Մինչև 2007-ը Վիկը մասնակցում է 28 մարտի և 28 հաղթանակ տանում, որոնցից 22-ը նոկաուտով: Այդ ընթացքում նվաճում է IBF և IBO չեմպիոնական գոտիները և մի քանի անգամ պաշտպանում դրանք: 2007-ին Դարչինյանն իր առաջին պարտությունն է կրում’ չեմպիոնական գոտիները զիջելով ֆիլիպինցի Նոնիտո Դոներին: 2008-ի դեկտեմբերի 1-ին և 2009-ի փետրվարի 7-ին Դարչինյանը տանում է իր կարևորագույն հաղթանակներից 2-ը: Նախ մեքսիկացի Քրիստիան Միխարեսին պարտության մատնելով` նա նվաճում է թեթևագույն քաշային կարգի 3 չեմպիոնական գոտիները’ WBA, IBA WBC , ապա’ պաշտպանում դրանք Խորխե Արսեի հետ մենամարտում: 2011 թվականի սեպտեմբերի 3-ին իրականություն դարձավ Վախթանագ Դարչինյանի երազանքը’ նա ռինգ դուրս եկավ Հայաստանում’ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ պարտության մատնեց ՀԱՀ ներկայացուցիչ Էվանս Մբամբային: Նյութն` ըստ armsport.am-ի: