Սիրիայում բախումների հետևանքով դժվարին իրադրության մեջ են հայտնվել հայ համայնքի ներկայացուցիչները: Սիրիահայ համայնքի թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ Հալեպի հայկական թաղամասերից մեկում հայ երիտասարդի են առևանգել և մոտ 50 հազար դոլար փրկագին են պահանջում:
Վերջին շրջանում Սիրիայում տեղի հանցագործությունների թիվն աճել է` պայմանավորված այն հանգամանքով, որ իշխանությունը զբաղված է հակակառավարական ցույցերը ճնշելով: Եվ հայերը` հատկապես մեծահարուստները, ովքեր մինչ այս որևէ խնդիր չեն ունեցել, հայտնվել են պոտենցիալ գողերի թիրախում: Բազմաթիվ մեծահարուստ հայեր այս օրերին սպառնալիքներ են ստանում: Իսկ երիտասարդը, ում առևանգել են, ըստ որոշ տեղեկությունների, ևս կարողության տեր է և նոր է ամուսնացել:
Ավելի ուշ նմանօրինակ երկրորդ դեպքի մասին ևս թերթը տեղեկություն է ստացել: «Երկիր»-ը խոստանում է ճշտել մանրամասները և տեղեկացնել թերթի հաջորդ համարներում: